Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել Կրոնական ազատության միջազգային դաշինքի հանդիպմանը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել Կրոնական ազատության միջազգային դաշինքի հանդիպմանը
19.11.2020 | 23:07

Նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ելույթ է ունեցել Կրոնական ազատության միջազգային դաշինքի առցանց նախարարական հանդիպմանը։ Ընդգծելով սեփական պատմական փորձի հիման վրա Հայաստանի համար կրոնական և էթնիկական հանդուրժողականության կարևորությունը՝ դեսպան Վարուժան Ներսեսյանը մտահոգություն է հայտնել կրոնական համատեքստում Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի կապակցությամբ։

Դեսպանը նշել է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մի շարք շրջանների վերահսկողության անցումն Ադրբեջանին, առանձնակի կարևորություն են ստանում հայ կրոնական և պաշտանմունքային վայրերի ոչնչացման կանխման նպատակով միջազգային հանրության կողմից դրա բարձրաձայնումն ու խիստ միջոցների ձեռնարկմանն ուղղված կոչերը։ Նա հավելել է․ «Վերջին պատերազմի ընթացքում արձանագրվել են կրոնական և պաշտամունքային վայրերի դիտավորյալ թիրախավորման և ոչնչացման դեպքեր, ներառյալ՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։ Մինչ Ադրբեջանի ղեկավարությունը խոստանում էր վերականգնել քանիցս ռմբակոծված մայր տաճարը, վերջին հանգստյան օրերին ի հայտ եկան մասունքների, արձանների պղծման և քաղաքի սրբագույն խորհրդանշի նկատմամբ բացահայտ կերպով ծաղրի մասին փաստող լուսանկարներ»։
Առցանց հանդիպմանը հաջորդած լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ընթացքում հայկական քրիստոնեական մշակութային արժեքների ճակատագրի վերաբերյալ հարցին է անդրադարձել նաև Կրոնական ազատությունների հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմյուել Բրաունբեքը` պատրաստակամություն հայտնելով Ադրբեջանին և ներգրավված ցանկացած այլ կողմին այդ կրոնական վայրերը պաշտպանելու աներկբա կոչ անել:


Հանդիպման ընթացքում Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ պաշտամունքի ապահով վայրերի վերաբերյալ հայտարարությանը։ Ընդգծելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայում և այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված մտքի, խղճի և կրոնի ազատության կարևորությունը` հայտարարությանը միացած կողմերը նշում են, որ խոր մտահոգություն են հայտնում, մասնավորապես ռազմական հակամարտությունների ընթացքում, պաշտամունքի վայրերի նկատմամբ իրականացվող հարձակումների, այդ թվում՝ ազգային, ռասայական և կրոնական ատելության հողի վրա իրականացվող մասունքների և հուշարձանների միտումնավոր ոչնչացման առնչությամբ՝ ի խախտումն միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների:


2020 թվականի փետրվարի 5-ին ստեղծված Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանը միացել է հունիսի 12-ին։ «Կրոնական ազատության միջազգային դաշինք» կոչվող ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնության նպատակն է բարելավել համագործակցությունն ու միավորել ջանքերը կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, կրոնի կամ հավատքի հիմքով խտրականության և հետապնդման դեմ պայքարի, հավատքը փոխելու ազատության ապահովման, հանցագործների միջազգայնորեն պատասխանատվության ենթարկման և այլ հարցերում։

Դիտվել է՝ 1256

Մեկնաբանություններ